Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալևի հետ առանձնազրույցից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումներից, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի հետ առանձնազրույցից։

Նա շեշտել է, որ BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում ունեցած շփումները, հատկապես՝ Ադրբեջանի նախագահի հետ, կարևոր են եղել Հայաստանի համար. «Կարող է տարօրինակ հնչել, որ այդքան երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չենք ունեցել: Ինքս զգում եմ, որ մի փոքր կոռեկտության խնդիր կար, որովհետև մյուս լիդերները ելույթ էին ունենում, և մենք այդ ընթացքում մտքեր էինք փոխանակում: Շատ կարևոր զրույց տեղի ունեցավ»,- ասել է նա՝ հավելելով․ «Ես գոհունակությունս եմ արտահայտում Ադրբեջանի նախագահի հետ իմ և ընդլայնված կազմով շփումներից։ Շատ կարևոր զրույց տեղի ունեցավ, և կարծում եմ, որ այդ հանդիպումն առանձնակի նշանակություն ուներ»։

Վարչապետի խոսքով՝ հանդիպման գլխավոր թեման եղել է խաղաղության գործընթացը․ «Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համար ոչ միայն պայմանագրերի, այլև ռազմավարական գործարքի կարիք ունեն։ Սա այն կարևոր հարցն է, որը պետք է նվիրված լինի երկարաժամկետ համատեքստին, թե ինչպես ենք պատրաստվում, որպես անկախ պետություններ, ապրել առաջիկա դարերում»,- ընդգծել է նա։

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։

Նա տեղեկացրել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող են լինել լուծումներ, և այս առաջարկը արդեն փոխանցվել է Ադրբեջանին․

«Կազանում տեղի ունեցած հաջորդ կարևոր իրադարձությունն այն էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում: Մենք այս առաջարկը գրավոր ձևով նույնպես փոխանցել ենք Ադրբեջանին»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյալ Հայաստանի առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին երկուշաբթի օրը. «Մնում են որոշակի ձևականություններ, բայց մենք շարունակելու ենք աշխատանքները»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am