Ինչպես բուժել հայմորիտը տնային պայմաններում

Հայմորիտը վերին ծնոտի հայմորյան ծոցերի լորձաթաղանթի բորբոքումն է: Հիվանդները բողոքում են բորբոքված խոռոչի կողմում ճնշման զգացումից, ընդհանուր գլխացավից:

Ցավն ուժգնանում է այն ժամանակ, երբ հիվանդը դեմքն իջեցնում է. թուլանում է հոտառությունը, ձայնը ռնգային է դառնում: Կարող են նաև ընդհանուր թունավորման ախտանշաններ ի հայտ գալ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, թուլություն, հիվանդն արագ հոգնում է: Հիվանդությունը ընթանում է 2 փուլով. սուր փուլը սովորաբար 2 շաբաթ է տևում ու չբուժվելու դեպքում քրոնիկ բնույթ է ստանում, որն արտահայտվում է քթի խոռոչների մշտական լցվածության զգացումով, ռնգախոսությամբ: Սովորաբար քրոնիկ հայմորիտի դեպքում ջերմությունը չի բարձրանում:

 

Հայմորիտն ալերգիկ բնույթ էլ է ունենում, որին բնորոշ է ընդհանուր վիճակի բարելավմամբ հերթագայվող հիվանդության երբեմն սրացումը:

Սառը եղանակին, աշնանն ու ձմռանը մրսածության հետևանքով առաջացող հիվանդություններն ընդունում ենք հանգիստ ու շարունակում մեր առօրյա գործունեությունը: Երբեմն էլ ուղղակի ժամանակ չունենք մեզնով զբաղվելու, դրա փոխարեն պարզապես զինվում ենք թաշկինակով ու աշխատանքի կամ դասի ենք գնում: Սակայն դա էլ հղի է այս հիվանդության զարգացման հավանականությամբ, որի բարդությունը շատ ծանր բնույթ է ունենում:

 

Սա հարքթային՝ հայմորյան ծոցերի լորձաթաղանթների բորբոքային հիվանդություն է, որը կարող է առաջանալ թե՛ մեծերի և թե՛ փոքրերի մոտ նաև անկախ եղանակից: Հայմորիտը սովորաբար զարգանում է քիթ- կոկորդի այլ վարակիչ հիվանդությունների ֆոնին, օրինակ՝ որպես վերին ծնոտի վերջին, հետին ատամների բորբոքման հետևանք: Հայմորիտի առաջացմանը, ինչպես և ընդհանրապես բոլոր հիվանդությունների դեպքում, նպաստում են թույլ իմունիտետը, մրսածությունը, քթի միջնապատի վնասվածքը, ալերգիկ հիվանդությունները: Հայմորիտի դեպքում քաշող, ձգող ցավ է առաջանում իրանով դանդաղ առաջ հակվելու դեպքում: Ախտորոշումը կատարվում է ռենտգեն հետազոտությամբ: Հայմորիտի բուժման նպատակով ընդհանուր հակաբիոտիկներ, երբեմն էլ հակաբիոտիկներով խոռոչների լվացում է նշանակվում: Իսկ քթով շնչառությունը թեթևացնելու և լորձաթաղանթի այտուցը նվազեցնելու համար նշանակվում են անոթասեղմիչ դեղամիջոցներ (օտրիվին, գալազոլին);

Եթե պարզվել է, որ հայմորիտը ալերգածին բնույթ ունի, ապա հակահիստամինային միջոցներ են նշանակվում: Հայմորյան ծոցերում թարախային պրոցեսի ու դեղորայքային անարդյունավետ բուժման պարագայում նշանակվում է ծոցերի լվացում: Ընդ որում՝ արվում է խոռոչի լվացում տեղային անզգայացմամբ, բերանի խոռոչից ֆիզլուծույթով ու հակաբորբոքային դեղորայքով:

Քրոնիկ հայմորիտի զարգացման դեպքում, երբ ոչ մի տեսակի բուժում լավ արդյունք չի ապահովում, կատարվում է վիրահատություն, որի նպատակն է վերին ծնոտի խոռոչի ու քթի խոռոչի միջև բացվածքի ձևավորումը:

Այս հիվանդության բարդության դեպքում հետևանքները շատ ցավալի են՝ զարգանում է մենինգիտ, ուղեղի թաղանթի բորբոքում և ուղեղի աբսցես:

Կանխարգելումը

Հայմորիտի կանխարգելման համար պետք է քիթ-կոկորդի հիվանդությունների բոլոր հնարավոր օջախները բուժել, վերացնել, այդ թվում նաև՝ հիվանդ ատամները բուժել, փչացածները՝ հեռացնել:

Խոստովանենք, որ այս հիվանդության բուժումն էլ հեշտերից չէ: Բայց սա էլ կարելի է թեթևացնել ժողովրդական իմաստուն միջոցներով, որոնք իհարկե տարիներով են ստուգվել: Բնականաբար, ժողովրդական միջոցները չեն կարող հիվանդության բուժման այլընտրանքային տարբերակ համարվել: Սակայն, նույնիսկ բժիշկներն են երբեմն առաջարկում որպես լրացուցիչ միջոց:

 

1) 1 ճաշի գդալ մեղրը 1 թեյի գդալ աղի հետ խառնել, ստացված զանգվածը կերակրի թաղանթի վրա տարածել և մի քանի ժամ դնել հիվանդ, ցավոտ տեղին: Նշենք, որ այդ ընթացքում պետք է նստած դիրք ընդունել: Մի քանի նման պրոցեդուրան կօգնի ազատվելու քթի խոռոչի քաշող լորձից:

2) Մեկ այլ միջոց է խաշած ձվով ցավից ազատումը: Դրա համար պետք է պինդ խաշած ձուն փաթաթել բամբակյա կտորի մեջ ու դրանով տաքացնել հիվանդ տեղը 15 րոպե: Նույնը պետք է կատարել օրական 2-3 անգամ, սակայն պետք է զգույշ լինել, որ մաշկը չայրվի ու թարախային, բորբոքային պրոցեսը չխորանա:

3) Տարածված միջոց է աղով տաքացնելը. քաթանե 2 տոպրակների մեջ պետք է տապակի մեջ տաքացրած խոշոր բյուրեղներով աղ լցնել, իսկույն տոպրակի բերանը փակել ու դնել հարքթային ծոցերին կողմում:

Պետք է հիշել, որ տաքացնելու համար արվող ցանկացած պրոցեդուրա կարող է հակացուցումներ ունենալ, ուստի կատարելուց առաջ խորհրդակցեք բուժող բժշկի հետ: Եթե այդ պրոցեդուրայի ժամանակ ինքնազգացողության վատացում զգաք, ուրեմն իսկույն դադարեցրեք ինքնաբուժումը: Պետք է դադարեցնել նաև, եթե քթից արյան հետքերով արտադրություն նկատեք:

Հայմորիտի դեպքում կարելի է նաև տան պայմաններում կաթիլներ պատրաստել, սակայն նախապես համոզվեք, որ դրա բաղադրիչներից ալերգիա չունեք: Ու բացի այդ, կաթիլները կաթացնելուց առաջ քթի խոռոչը պետք է լվանալ աղաջրի լուծույթով: Բժիշկները դրա համար ծովաղ են խորհուրդ տալիս գործածել. 1 բաժակ եռացրած սառեցրած ջրին պետք է ավելացնել 1 թեյի գդալ աղ ու խառնել այնքան, մինչև բյուրեղները լուծվեն, ապա գլուխը թեքել լվացարանի մեջ ու հերթով լվանալ քթի խոռոչները: Սա , ի դեպ, լավագույն միջոցն է նաև գրիպի առաջին իսկ նախանշանների դեպքում:

Քիթն աղաջրով լվանալուց հետո պետք է կուտակված արտադրությունն ազատ հոսի՝ ապահովելով քթի խոռոչների մաքրությունը, հակառակ դեպքում կարող եք համարել, որ պրոցեդուրան անօգուտ է եղել: Աղաջրով լվացումից հետո, յուրաքանչյուր քթանցքի մեջ 2 կաթիլ չիչխանի յուղ պետք է կաթեցնել:

Լավ օգուտ են տալիս նաև խոտերի թուրմով կաթիլները: Դրա համար պետք է 15 գ արևքուրիկ (զվերոբոյ), 10 գ երիցուկ ու նույնքան էլ անմեռուկի (сушеница топяная) թուրմ պատրաստել: Չոր հումքի վրա լցնել 3 բաժակ եռման ջուր, թրմել մինչև լրիվ հովանալը, հետո քամել ու օրական 3 անգամ յուրաքանչյուր քթանցքի մեջ 5-ական կաթիլ կաթեցնել:

Քսուք, որի արդյունավետությունը կասկածից վեր է, սակայն չմոռանանք, որ յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է ու կարող է այս քսուքի որևիցե բաղադրիչից ալերգիա ունենալ.

  • 1 ճաշի գդալ օճառի քերուկը խառնել մեկ ձվի սպիտակուցի հետ: Պետք է այս նպատակով օգտագործել տնտեսական կամ առանց գունաներկի ու հոտավետ հավելումների օճառ: Քսուքը պետք է պահել սառնարանում: Խառնուրդը քսում են բամբակյա խծուծի վրա ու դնում քթանցքերի մեջ, մեկ շաբաթ, օրական 2 անգամ:

Ժողովրդական բժշկության գիտակները թարախային հայմորիտի դեպքում խորհուրդ են տալիս հետևյալ միջոցը. սխտորի պճեղը քերել, ավելացել կարագ, խառնել ու քնից առաջ քսել մաշկին ճակատի ու հայմորյան ծոցերի հատվածում: Առաջարկվում է այս պրոցեդուրան կատարել ինհալյացիայի հետ. գիշերը քսուքը քսել, իսկ առավոտյան 10-15 րոպե ինհալյացիա անել խաշած կարտոֆիլի կաթսայից դուրս եկող գոլորշիով:

Բոլոր միջոցները պետք է կատարվեն մարմնի նորմալ ջերմաստիճանի ու թարախային արտահոսքի բացակայության պարագայում:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am