2014 թվականի նոյեմբերի 12-ին Արցախի ՊԲ-ն հաղորդեց, որ արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ Ակնայի շրջանում, ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ՊԲ ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը։
Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր, իսկ հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ արձակել դեպքի վայրի ուղղությամբ, ինչի հետևանքով խոցված ուղղաթիռին մոտենալ չէր հաջողվում։ Ադրբեջանական կողմը չանսաց նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև տարբեր պետությունների հորդորներին՝ հայկական կողմին թույլ տալ ուղղաթիռի անկման վայրից տարհանել անձնակազմի անդամների աճյունները: