«Հաղորդաշարի մեջ ինտրիգ չկա, որից կարող են կառչել և անհարիր վերնագրով հանդես գալ՝ դիտումներ ապահովելու համար». Դիանա Գրիգորյանը՝ «Իմացիր ավելին» հաղորդաշարի 5-ամյակի ու բարձր վարկանիշի մասին

Միացրեք մեզ Youtube-ում

Արդեն հինգ տարի է, ինչ եթերում է Դիանա Գրիգորյանի «Իմացիր ավելին» գիտահանրամատչելի, ճանաչողական հաղորդաշարը: Հաղորդաշարի հիմնական առաքելությունն է ներկայացնել հետաքրքիր թեմաներ՝ կատարելով բազմաթիվ հետազոտություններ, մշակութային ու պատմական էքսկուրսներ՝ վերհիշելով մոռացած փաստերը:

Հաղորդման հեղինակ Դիանա Գրիգորյանի խոսքով՝ այսօր նմանատիպ հաղորդաշարերի պահանջ կա, այնինչ՝ նման հաղորդումները շատ քիչ են: Հաղորդաշարը հեռարձակվում է շաբաթը մեկ անգամ, յուրաքանչյուր ուրբաթ:

«Հաղորդումն անդրադառնում է մեր մեծերի կենսագրությանը, անցած ճանապարհին, նրանց թողած ժառանգությունը:

Ես միշտ եմ ցանկացել, նման հաղորդաշար իրականացնել, բայց, քանի որ հիմնականում ծանրաբեռնված էի, չէր ստացվում:

Հետո իմ առջև նպատակ դրեցի ու հավաքեցի պրոֆեսիոնալ թիմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Դիանա Գրիգորյանը:

Նա նշեց, որ հաղորդաշարի շուրջ հավաքված են պրոֆեսիոնալներ, ովքեր իրենց գործի գիտակ են:

«5 տարի առաջ, երբ նոր էինք իրականացնում հաղորդումը, ես մտածում էի, որ, հիմնականում նմանատիպ հաղորդաշարերի պահանջակ չկա և գուցե հեռուստադիտողի մեծ բանակ չունենանք: Բայց, ի հեճուկս իմ մտավախությունների, մենք ունեցանք բարձր դիտողականություն:

Փառք Աստծուն, հաղորդումն ունի մեծ լսարան ու բարձր վարկանիշ»,- մեզ հետ զրույցում պատմեց նա:

Հեղինակի խոսքով՝  «Իմացիր ավելին» մոնիտորինգային անկախ ցուցակում մշտապես զբաղեցնում է բարձր հորիզոնական:

«Խոսքը՝ 2-րդ, 3-րդ, նույնիսկ 1-ին տեղերի մասին է։ Այսինքն՝ «Իմացիր ավելին» հաղորդաշարը հաղթել է նույնիսկ սերիալներին ու ժամանցային հաղորդումներին:

Ինձ համար սա մեծ հաջողություն է, մեծ շնորհակալություն հեռուստադիտողին, որ  ծափահարեց մեզ»,- անկեղծացավ Դիանան:

Նա խոստովանեց, որ երբեմն նեղվում է և նույնիսկ մի փոքր վիրավորվում,  որ լրագրողական դաշտում քիչ են խոսում, կամ գրեթե չեն խոսում հաղորդման մասին:

«Պատճառն այն է, որ հաղորդաշարի մեջ ինտրիգ չկա, չեն գտնում մի բան, որից կարող են կառչել և անհարիր վերնագրով հանդես գալ՝ դիտումներ ապահովելու համար:

Հիմնականում սերիալ, սերիալ, անվերջ սերիալ… Մեր լրատվականներում պարբերապար գրում են, որ հեռուստատեսությունում այսօր չկան գիտահանրամատչելի հաղորդաշարեր, հիմնականում  հեռուստատեսությունները հեղեղված են սերիալներով և իրավիճակային կատակերգություններով:

Բայց չէ՞ որ կա հաղորդաշար, ինչու՞ չեն խոսում, որովհետև հաղորդման շուրջ ինչ-որ աղմուկահարույց բան չեն կարող գրել»,- ասաց հաղորդման հեղինակը:

Դիանան նշեց, որ եթե հաղորդումը չունենար վարկանիշ, չէր ունենա նաև երկար կյանք:

Խոսելով ամենահիշվող ու հետաքրքիր թողարկման մասին, Դիանա Գրիգորյանը նշեց, որ հաղորդումներ են նկարահանել Իտալիայում, Վատիկանում, Մխիթարյան միաբանությունում, որոնցից յուրաքանչյուրը հիշվող է:

Ամենահիշվող օրը դա էր, երբ մենք գնացինք Վենետիկ ու Սուրբ Ղազար կղզի: Փառահեղ ու աննկարագրելի զգացողություն էր: Խոսքերով հնարավոր չէ փոխանցել:

Ցուրտ էր, նկարահանման համար վատ պայմաններ, բայց չեմ էլ ուզում այդ ամենը հիշել, որովհետև ես լավ հիշողությունների ամրոց ունեմ, իսկ դժվարությունները չեմ հիշում:

Մենք այնքան էինք քայլել, որ նույնիսկ ոտքերս էին արյունոտվել, բայց ավելի կարևոր բաներ կան հիշելու:

Մենք պարբերաբար նկարահանումներ ենք իրականացնում նաև վանքերում: Վերջերս հաղորդում նկարեցինք Ղալթախչիում: Բարձունքի վրա, երբ իմ խոսքն էի ասում, Բարձրյալի ուժը կարծես զգում էի ինձ վրա»,- պատմեց Դիանան:

Ամփոփելով՝ նա հիշեց, որ յուրաքանչյուր հաղորդում հետաքրքիր էր ու յուրօրինակ:

«Փարաջանովի տուն թանգարանում հաղորդաշար իրականացրեցինք, որ զգացողություններով անգերազանցելի էր: Կոմիտասի, Չարենցի Սևակի, Աբովյանի…յուրաքանչյուրի տուն, երբ մտնում ես, մի ուրիշ էներգիա է գալիս քեզ վրա, և դու հասկանում ես, որ դու ունես մշակութային մեծ ժառանգություն և այդ ժառանգության կրողն ես։

Եվ այդ ժառանգությունը քեզ պարտավորեցնում է, որ դու կարդաս ու իմանաս, թե քո մեծերն ինչ են արել, ինչպես են հաղթահարել շատ դժվարություններ, ինչ ժառանգություն են թողել: Պետք է գիտակցես, որ  պարտավոր ես դա պահել:

Հաղորդաշարը նաև նպատակ ունի կորսվածը ետ բերելու և հիշեցնելու, որ մենք պետք է օրինակ լինենք, այդ ամենից դասեր քաղենք, սովորենք և կարողանանք մեր կյանքը, մեր ամեն վայրկյանը ճիշտ օգտագործել»,- եզրափակեց Դիանա Գրիգորյանը

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am