The Washington Post-ը հայտնում է, որ Ռուսաստանը Կուրսկի մարզում կենտրոնացրել է 50 հազարանոց խումբ, որում, իբր, կան Հյուսիսային Կորեայի զինվորներ։ Ամերիկացի վերլուծաբանները ենթադրում են, որ դա կարող է փոխել իրավիճակը։
«Այս խմբավորումը պատրաստվում է խոշոր հարձակման՝ Կուրսկի շրջանն Ուկրաինայի զինված ուժերից մաքրելու համար»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով ուկրաինական և ամերիկյան աղբյուրներ։ Հատկապես ընդգծվում է, որ այս հարվածային ուժը ստեղծելիս Ռուսաստանը ստորաբաժանումներ չի տեղափոխել Ուկրաինայի արևելքից, ուստի Մոսկվան կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի զինված ուժերի վրա միանգամից մի քանի ճակատով։
Ուկրաինական կողմն առաջիկա օրերին հարձակման է ակնկալում։ Միաժամանակ, հրատարակությունն ընդգծում է, որ ամերիկյան ռազմական և հետախուզական պաշտոնյաները սկսել են ավելի հոռետեսական կանխատեսումներ տալ Ուկրաինայի ընդհանուր հեռանկարների վերաբերյալ։ Նրանք նշում են, որ Ռուսաստանի զինված ուժերը անշեղորեն դիրքեր են գրավում ինչպես Կուրսկի շրջանում, այնպես էլ Ուկրաինայի արեւելքում։ Ուկրաինայի զինված ուժերի ձախողումները բացատրվում են Կիևի՝ զորքերի թվաքանակի կարևորագույն թերությունները լուծելու անկարողությամբ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր իր զեկույցում հայտնել է, որ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները Կուրսկի շրջանում կազմել են ավելի քան 290 զինծառայող, երեք ուկրաինացի զինվորներ հանձնվել են։ Միաժամանակ հյուսիսային ուժերի ստորաբաժանումները Դարինո և Նովայա Սորոչինա բնակավայրերի ուղղությամբ հետ են մղել հակառակորդի 11 հակագրոհ, ինչպես նաև խափանել են Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումները Զելենի Շլյախ և Նովոյվանովկա բնակավայրերի ուղղությամբ։