Գուցե շահ ունեն․ ինչո՞ւ Սոսն ու Խորենը չեն միանում «Գոյ» թատրոնի պայքարին

«Գոյ» թատրոնը երեկ՝ նոյեմբերի 7-ին, վերսկսել է նստացույցը։ Այս մասին տեղեկացել ենք թատրոնի տարածած հայտարարությունից։

 

 

«07.11.2024թ.-ի ժամը 20։00-ից Գոյ թատրոնը վերսկսել է նստացույցը 24 ժամ ռեժիմով թատրոնի մուտքի մոտ»,- ասված է հայտարարության մեջ:

Oragir.News-ն այցելեց թատրոնի մուտքի մոտ նստացույց անողներին, զրուցեց թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ, ով պարզաբանեց, թե ինչու են կրկին որոշել վերսկսել նստացույցը։

Ռեժիսորը նշեց, որ այլևս հնարավոր չէ նախարարության հետ պայմանավորվածության գալու որևէ պայմանով դադարեցնել նստացույցը։

«Այլևս բանակցելու ոչինչ չունենք»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ հայտնի և սիրված դերասանները չեն աջակցում և միանում նրանց պայքարին՝ Արզումանյանը պատասխանեց․

«Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել։ Իրենք գիտեն։ Ամեն մեկն ունի իր պատճառները։ Ամենապարզ պատճառը շահերի համընկնումն է»,- նկատեց կառավարման նախագահը։

Հիշեցնենք, որ 35 տարի գործող «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ առանձին թատրոնում։ «Գոյի» անձնակազմը կառավարության՝ միավորման վերաբերյալ որոշումը վիճարկում է դատարանում։

Նոյեմբերի 2-ին «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը հանդես էր եկել հայտարարությամբ, որ կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը, սակայն նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդել է՝ որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը վերսկսի իր բնականոն աշխատանքը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am