Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ:
Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, հասկանալի է, որ նոր համակարգ ձևավորելը շատ բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է: Այս ընթացքում՝ վերջին երեք տարիներին, Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման գործում շատ մեծ և լուրջ ջանքեր են գործադրվել: Բայց նաև հետևյալը պիտի նկատեմ, որ որևէ համակարգի կայացման ավարտն ազդարարելու կետ չկա»,- ասել է վարչապետը և հավելել, որ եթե այդպիսի կետ կա, ապա դա կոչվում է լճացում:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, չպետք է սպասել, որպեսզի կայացման և անցումային շրջաններն անցնեն, որպեսզի առաքելությունը կատարված համարվի, քանի որ կայացման կետ չկա, և պետք է անընդհատ ձգտել կատարելագործման, զարգացման: «Այդ առումով, շնորհակալություն հայտնելով ձեզ աշխատանքի համար, ուզում եմ ընդգծել, որ բարեբախտաբար, թե դժբախտաբար Հակակոռուպցիոն կոմիտեի վերաբերյալ իմ ասելիքն, ընդհանուր առմամբ, տեղավորվում է ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ իմ ասելիքի շրջանակում: Ասել, որ, ընդհանուր առմամբ, կա դժգոհություն մեր իրավապահ համակարգի գործունեությունից, ճիշտ չի լինի: Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում: Եվ դա կապված է շատ կոնկրետ իրողությունների հետ»,- նշել է երկրի ղեկավարը և խոսել այդ իրողությունների մասին:
Վարչապետն ընդգծել է, որ դատաիրավական համակարգի մաքսիմալ արդյունավետ աշխատանքի համար Կառավարությունից և անձամբ իրենից ակնկալվող ամեն բան արվել է: «Տեղի են ունեցել ինստիտուցիոնալ լրջագույն բարեփոխումներ, տեղի են ունեցել օրենսդրական բարեփոխումներ, տեղի են ունեցել սոցիալական երաշխիքների համակարգի էական բարեփոխումներ քննչական համակարգում, դատախազական համակարգում, դատական համակարգում, ներդրվել են նաև որոշակի օրենսդրական և տեխնիկական հնարավորություններ: Եվ թերևս այս փուլում գոնե ինձ համար արձանագրում եմ, որ չկա այդպիսի բան, որ դատաիրավական համակարգը Կառավարությունից ակնկալել է, և Կառավարությունն ասել է, որ այդ ակնկալիքը չի բավարարի այն ըմբռնմամբ, որ զարգացման տրամաբանությամբ միշտ էլ պետք է Կառավարությունից ակնկալիքներ լինեն, որովհետև ժամանակն առաջ է գնում, նոր պահանջներ են ի հայտ գալիս կամ նոր անհրաժեշտություններ: Բայց մյուս կողմից՝ մեր ընկալումը հետևյալն է, որ այդ բոլոր գործողություններն իրավապահ համակարգում անելուց, այդ բոլոր ներդրումներն անելուց հետո պետք է նաև որոշակի նախնական արդյունքներ տեսնենք, մանավանդ մի միջավայրում, որ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիան արմատախիլ անելու մասով քաղաքական կամքի բացակայություն, ընդհանրապես, չկա: Ընդհակառակը՝ կա հստակ, աներկբա, միանշանակ քաղաքական կամք, որ դա Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենա: Բայց դա տեղի չի ունենում, ակնհայտորեն: Բայց ես այն կարծիքին էլ չեմ, որ դա էլ մի կետ է, որ պետք է ասենք վերջ, ավարտվեց, այլևս այդ խնդիրը լուծված է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: