Երևանի քաղաքապետարանի «բարեփոխած» տրանսպորտը, պարզվում է, նոր ու համակարգային խնդիրներ է առաջացրել տրանսպորտից օգտվողների համար։ Ընդ որում, այս նոր համակարգային խնդիրները նախկինում եղած խնդիրների ծնունդ ու շարունակություն են, քանի որ, պարզվում է, մինչ նոր համակարգի ներդրումը՝ QR կոդով վճարում, վարորդները լրիվ այլ պայմաններով և այլ մոտիվացիայով են աշխատել, հիմա այդ պայմանները վերացել են, մոտիվացիան՝ նույնպես։
Ամեն օր հանրային տրանսպորտից օգտվող ուղևորներից մեկը MediaHub-ին է ուղարկել ավտոբուսի վարորդների խոսակցություններից հատվածներ, որոնցից պարզ երևում է, թե ինչպես են աշխատել իրենք նախկինում, և ինչ խնդիրների առջև է կանգնած հիմա մեր տրանսպորտային համակարգը նոր իրողությունների պայմաններում։
Higer մակնիշի ավտոբուսի վարորդներից մեկն էլ ասում էր․ «Հենա, իրանց գոված МAN-երից ու Zhong Tong-ից քանի՞ հոգի ա գիծ հելել՝ ոչ մեկ էլ չի քշում, ժողովուրդն էլ կանգառներում իրար ա ուտում։ Մարդ վախում ա էս ժամին գիծ հելնի։ Հերիք չի, լիքը-լիքը գալիս ենք, կանգառում կանգնում ենք, արդեն իրար են սպանում»։
Սրա կողքին կանխիկ գումար վերցնող ավտոբուսների վարորդներն էլ նյարդայնանում են, որ TellCell-ի սարքով են մարդիկ տոմս գնում, քանի որ իրենց ձեռնտու էր, որ կանխիկ վճարեին, քանի որ դրանից իրենց փող էր մնում։
«Էս ժամին էլ ոչ էլ դուրս կգամ գիծ, ոչ էլ ռեյս կանեմ, շատ էլ պետքս ա, մեկ ա՝ էդ անտեր սարքն են դռռցնում (խոսքը Tell Cell-ի վալիդատորի մասին է- խմբ.)»,- դժգոհում էր հին ավտոբուսի վարորդներից մեկը։
Կարճ ասած՝ վալիդատոր սարքերով և միայն 100-անոց մետաղադրամի դրամարկղով վճարում ընդունող ավտոբուսների վարորդները բառի բուն իմաստով թքած ունեն՝ ուղևորը վճարե՞ց, մետաղադրամը գցե՞ց դրամարղկի մեջ կամ QR կոդով վճարե՞ց, թե՞ ոչ։
Արդյունքում, շատ ուղևորներ ուղղակի իջնում են՝ առանց վճարելու, որովհետև ստուգող չկա։
«Հենա, նայի, ոնց հետևից նստան, տենց էլ իջան, էլ ոչ մեկն էլ տոմս չի առնում, առը հա թե տոմս կառնեն, հենա շոֆերը իրա համար նստած քշումա, ոչ էլ պետքն ա՝ կառնե՞ն, թե՞ չէ, իրա գործը քշելն ա, իրա համար քշումա ու վսյո»,- մատնացույց անելով դիմացով ընթացող MAN ավտոբուսին՝ ասում էր Higer-ի վարորդը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում էապես բարձրացրել էր վարորդների աշխատավարձը, սակայն դա էլի չի բավականացնում, և վարորդներն ուզում են ամեն գնով կողքից փող աշխատել։
Մասնավորապես, Zhong Tong, MAN և Gazel City մակնիշի ավտոբուսների վարորդների «մաքուր» աշխատավարձերը կազմում են համապատասխանաբար 309.500, 401.500 և 219․500 ՀՀ դրամ, իսկ Higer մակնիշի ավտոբուսների վարորդների աշխատավարձը հաշվարկվում է ժամավճարով՝ 1 ժամվա համար 1050 դրամ։
MediaHub-ն այս խնդիրների շուրջ դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ ստանալու մեկնաբանություն, և մեզ խոստացան, որ շուտով համապատասխան պաշտոնյայի հետ կապ կապահովեն, որ նա մանրամասն խոսի այս թեմայով։ Հետևաբար, քաղաքապետարանի մեկնաբանությունը կներկայացնենք ավելի ուշ։