COP29. Իտալիայի խորհրդարանականները կոչ են տարածել Բաքվում գտնվող հայերին ազատ արձակելnւ վերաբերյալ

Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքվում անցկացվելիք՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովի նախօրեին կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ։

Ինչպես հայտնում ANSA գործակալությունը, կոչում նշված է.

«- Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը հյուրընկալու է COP29՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը,

— Նկատի ունենալով, որ Իտալիան Բաքվի հետ ունի շատ լավ առևտրային և քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն էներգետիկ ոլորտում, ինչն Իտալիան դասում է Ադրբեջանի առաջնային եվրոպական գործընկերների շարքում,

— Հաշվի առնելով, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, ուստի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բարձրացմանը նպաստող բոլոր գործողությունների և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման խրախուսումը,

— Արձանագրելով, որ վերջին հակամարտություններից հետո տարբեր պատճառաբանություններով Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ և այլ պահվող անձինք, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին,

— Հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների համար և հետագայում ևս լրացուցիչ դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի և հենց COP29-ի վրա,

Իտալիայի Հանրապետության ներքոստորագրյալ պատգամավորներն ու սենատորները կոչ են անում կառավարությանը.

— Ադրբեջանցի գործընկերոջը հորդորել, որպեսզի COP29 միջոցառման շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց,

— ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև սեփական միջոցներով, նրանց տուն վերադարձը,

— Հայաստանին և Ադրբեջանին փոխանցել Իտալիայի հանձնառությունը նպաստելու տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am