Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրից հայտնում են․ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց կենսատու բջիջների 44-րդ հավաքագրումը: Հիվանդի համար դոնոր է հանդիսացել հարազատ եղբայրը՝ Գարիկ Պետրոսյանը, ով առաջին իսկ օրվանից վստահ էր, որ հենց ինքն է անպայման համընկնելու քրոջ հետ և հենց ինքը պիտի փրկի քրոջ կյանքը։
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:
Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 33.500 դոնոր, ռեեստր դիմած 5867 հիվանդի հետ նախնական համընկնող 5816 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 44-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք»: