Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսել՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։ «ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։ Մեր խմբերը կշրջեն քաղաքում եւ ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից»,- հայտարարել էր Մարությանը` խնդրելով ակտիվ մասնակցել իր նախաձեռնությանը: Երեկվանից Մարությանը մի խումբ աջակիցների հետ շրջում է քաղաքով և փորձում է ստանալ երևանցիների ստորագրությունները:Երեկվանից ստորագրահավաք է սկսել Հայկ Մարությանը, բայց շատ քիչ է այդ մասին խոսվում, մարդիկ, կարծես իրազեկված չեն այդ ստորագրահավաքից: Ի՞նչ աշխատանքներ եք տանում, ո՞ր վարչական շրջաններով եք անցել:
— Ակտիվ փուլի մեկնարկը տրվեց երեկ, բայց նպատակը ոչ թե շուխուր անելն է, այլ մենք մարդկանց թերթիկներ ենք փոխանցում, իսկ նրանք տանում են` ստորագրությունները բերում, այսինքն` այս ամենի նպատակը փիառը չէ, այլ հանրային կարծիքը հասկանալը և այն քաղաքապետին ցույց տալը: Հայկ Մարությանը համակիրների հետ շրջում է քաղաքով մեկ, թիմի այլ անդամներ` ևս: Ինչպես արդեն ասել ենք` ամեն երեկո քաղաքացիները կարող են աշխատանքից հետո գալ Տիգրան Մեծի 61, որտեղ տեղակայված է շտաբը: Կարող են գալ, թղթերը վերցնել, հետո բերել հանձնել: Այդ սիստեմով ենք աշխատում:
— Ի՞նչ է հարկավոր ստորագրելու համար, անձնագիր, սոցքարտ, թե՞ միայն ստորագրություններ եք հավաքում:
— Անուն, ազգանուն, հայրանուն և տարեթվեր, ստորագրությունը ներառյալ: Մենք անձնագրային տվյալներ ոչ մեկից չենք վերցնում, դրանք մեզ հարկավոր չեն:
— Բայց այդպես իշխանությունները կարող են ստորագրությունները կասկածի տակ դնել:
— Իշխանությունն ինչ ուզի, կարող է ասել, բայց անձի ստորագրությունը հանդիսանում է նույնականացման միջոց, այնպես որ կարող են ստորագրությունները մեկ առ մեկ ստուգել:
— Քանի՞ ստորագրություն եք հավաքել մեկ օրում:
— Երեկ ստորագրողների թիվն անցել էր 3 հազարը: Դժվարանում եմ ասել քանի ժամում, բայց կարող եմ ասել, որ բավականին քիչ մարդկանց հետ ենք զրուցել: 3 հազարը միայն Մարությանի քայլելու ընթացքում է հավաքվել:
— Ի՞նչ եք կարծում` իշխող ուժը կտա՞ ընթացք, եթե բավարար քանակով ստորագրություններ հավաքեք, թե՞ նրանք արդեն այնքան ամբարտավան են, որ էլ ոչինչ նրանց հետաքրքիր չէ:
— Նախագիծ ենք մուտք արել փոփոխության համար: Ստորագրահավաքի հիմնական նպատակն այն է, որ մեր նախագծին կից, երևանցիներն ունեն նման պահանջ:
— Այլ խմբակցություններից չե՞ն միացել ձեզ:
— Տեղյակ չեմ այդ մասին: