Վրաստանի շրջանային դատարանը 30 ընտրատեղամասերում չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Դատավորի որոշմամբ՝ վերստեղծվել է քվեարկության իրավիճակը երեք պատահական ընտրատեղամասում՝ Վրաստանի հարավում գտնվող Տետրիցկարոյի և Ցալկայի շրջաններում։ Փորձարկման ընթացքում պարզվել է, որ թեկնածուի օգտին քվեարկությունը նշված է մարկերով, և այն տեսանելի է քվեաթերթիկի հակառակ կողմում։ Այսպիսով, քվեաթերթիկը հաշվարկման սարքի մեջ դնելիս մոտ կանգնած մարդիկ կարող էին հասկանալ, թե ում օգտին է քվեարկել ընտրողը։ԿԸՀ-ն կարող է բողոքարկել շրջանային դատարանի որոշումը, սակայն փորձագետներն ասում են, որ նախադեպ արդեն ստեղծվել է։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ հայցեր է ներկայացրել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։ Ասոցիացիան պահանջել է չեղարկել քվեարկության արդյունքները ավելի քան երկու հազար ընտրատեղամասերում։
Նոյեմբերի 3-ին հաղորդվել է, որ Թբիլիսիի և այլ քաղաքների դատարանները չեն բավարարել բողոքները։
Պաշտոնապես խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք»-ը՝ ստանալով ձայների 53,9%-ը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Ընդդիմությունը բողոքի ցույցեր է անում: