ԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Լեռնային Ղարաբաղի կորստից հետո. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն»-ը ներկայացրել է հոդված, թե ԱՄՆ-ում ապրող հայերն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, ում կտան իրենց ձայները Լեռնային Ղարաբաղի կորստից հետո:

Հոդվածը՝ ստորև

«Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները՝ Թրամփն ու Հարիսը, հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում։
Դաշնակահարուհի Շուշաննա Հակոբյանը Լոս Անջելեսում գործող Music for Unity բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Շուշաննան մրցույթ է նախաձեռնել ամերիկացի կոմպոզիտորների շրջանում, որոնք երաժշտություն են գրել իր փոքրիկ հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի մասին։ Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների խնդրին։

«Եթե արդարություն կա, եթե կա խոսքի ազատություն, և մենք հավատում ենք, որ այն կա, ապա Ամերիկան կարող է օգնել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց հայրենիքը, ստիպված են հեռանալ այնտեղից՝ Արցախից, նրանք վերադառնան։ Կարծում եմ՝ պետք է ինքներս մեզ օգնենք, և, իհարկե, հուսով եմ, որ Քամալա Հարիսը ղարաբաղցիներին տուն կբերի»,- ասում է Շուշաննա Հակոբյանը։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն այս տարվա սեպտեմբերին նամակ էր հղել Ամերիկայի հայ համայնքին՝ խոստանալով իր աջակցությունը։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու և տարածաշրջանում կայունության համար։ Շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- նշել էր ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն։

Դոնալդ Թրամփն չէր կարող անարձագանք թողնել Հարիսի քայլը, և հանրապետական գործիչը բարձրացրեց խաղադրույքը՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ, ինչպես ցանկանում է լսել հայկական արմատներով ամերիկյան ընտրազանգվածը։

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ու բռնի տեղահանման ենթարկվեցին Արցախում։ Երբ դառնամ [ԱՄՆ] նախագահ, կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- իրեն պատկանող Truth սոցհարթակում մոտ տաս օր առաջ գրել է Թրամփը:

Օրերս հայկական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինին և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։

Բայց հայ համայնքի ներկայացուցիչները նշում են՝ հենց Թրամփի օրոք էր՝ 2020 թվականին, երբ բռնկվեց 44-օրյա պատերազմը։

«Թրամփն ԱՄՆ նախագահն էր, երբ պատերազմը սկսվեց։ Մերոնք գնացին նրա հանրահավաքներին։ Խնդրում էին, օգնություն էին խնդրում։ Բացի հրադադարի կոչերից ոչինչ չարվեց։ Եվ մենք կորցրինք Արցախը»,- ասում է Armenian Eagles Foundation-ի ներկայացուցիչ Իվետա Հովսեփյանը։

2020 թվականին Լոս Անջելեսի տասնյակ հազարավոր հայեր բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պահանջելով օգնություն տրամադրել Ղարաբաղի իրենց հայրենակիցներին։ Մասնակցում էին Թրամփին աջակցող ցույցերին՝ փորձելով գրավել նրա ուշադրությունը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am