Ծերունական անքնություն. ինչու՞ են մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում

Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ յոթանասունամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
Ավելի մանրամասն պատմենք հետազոտության մասին:
Դեռ 18 տարի առաջ գիտնականների մի խումբ փորձարկումներ էր կատարում առնետների հետ: Պարզվեց, որ քնի ռեժիմի փոփոխությունների համար պատասխանատու է հիպոթալամուսի կորիզում գտնվող արգելակող նեյրոնների խումբը: Հենց նրանք են անջատում ուղեղի ակտիվ համակարգերը, որպեսզի կենդանին կարողանա քնել: Երբ նեյրոնները պակասում են, զարգանում է անքնություն: Առնետները քնում էին 2 անգամ պակաս, նրանց քունը դառնում էր ֆրագմենտավորված և անհանգիստ:
Մարդու գլխուղեղում նմանատիպ հատված կա, որը նույն ֆունկցիան է իրականացնում: Այնտեղ գալանին կա` արգելակող միջնորդանյութ: Տրամաբանական էր կարծել, որ քնի վրա ազդեցության մեխանիզմը նույնն է, ինչ առնետների մոտ: Հիպոթալամուսի կորիզի արգելակող նեյրոններն իրոք կարող էին ազդել քնի փուլերի և արթնանալու վրա: Որոշվեց ենթադրությունները ստուգել գիտական ճանապարհով:
1997-ից սկսեցին ստուգել տվյալները, որոնք ստացվել էին ծերացման ու դեմենցիայի երկարատև ուսումնասիրության արդյունքում: Հետազոտությանը մասնակցում էին 65 տարեկան  մոտ 1000 կին և տղամարդ: Նրանց առողջական վիճակին անընդհատ հետևում էին մասնագետները, ուշադիր ուսումնասիրում գլխուղեղում կատարվող պրոցեսները: Մի քանի տարին մեկ նրանք ակտիգրաֆիկ հետազոտություն էին անցնում. կրում էին հատուկ թևնոցներ, որոնք ֆիքսում էին նրանց գործողությունները: Ստացված ինֆորմացիան օգնեց գնահատել քնի որակը:
Հետազոտության մասնակիցների մահից հետո նրանց գլխուղեղը մանրակրկիտ ուսումնասիրության  ենթարկվեց: Ուղիղ կապ հայտնաբերվեց քնի որակի և հիպոթալամուսում պահպանված արգելակող նեյրոնների քանակի միջև: 6000 և ավել պահպանված նեյրոնների դեպքում խորը քուն էր գրանցվում, 3000-ից պակաս` կարճատև, ֆրագմենտավորված քուն:
Այսպես, գիտնականները եկան եզրակացության, որ արգելակող նեյրոնները կարևոր դեր են խաղում մարդկանց  քնի մեխանիզմում: Տարիքի հետ դրանց քանակի նվազումը հանգեցնում է անքնության, լիարժեք հանգստի բացակայության, անհանգստության, վաղ արթնանալուն:
Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am