Ես չգիտեի, որ Աննա Հակոբյանը գալու է ընթրիքին. Երվանդ Երզնկյան

Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, հոկտեմբերի 31-ին, ընթրիք էր կազմակերպել` «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժեր 1 միլիոն դրամ:

 

Ընթրիքը տեղի է ունեցել  «Լիվինգսթոն» ռեստորանում։

 

Լրագրողները ռեստորանի մուտքի մոտ նկատել էին, որ միջոցառմանը հրավիրված  է եղել նաև կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը։ Համացանցում մարդիկ զարմանք են հայտնում, թե ինչպե՞ս կարող է Երզնկյանը Աննա Հակոբյանին երաժշտական ծառայություններ մատուցել։ Թեմայի մասին «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց կոմպոզիտորին։

— Ձեզ քննադատում են Աննա Հակոբյանի՝ 1 միլիոն դրամանոց խնջույքին երաժշտական ծառայություններ մատուցելու համար։

— Ես ոչինչ էլ չեմ ապահովել, ուղղակի ես այնտեղ աշխատում եմ, Աննա Հակոբյանն այդ օրը ուղղակի եկել էր մեզ մոտ, ուրիշ ոչ մի բան: Մենք այդտեղ աշխատում ենք ամեն օր: Նույնիսկ ես չգիտեի, որ Աննա Հակոբյանը գալու է, եկանք զարմացանք, թե ինչու են այսքան լրագրողներ եկել։

— Հանրությունը չի ընկալում՝ ինչպե՞ս կարող է արվեստագետը Աննա Հակոբյանի համար ծառայություններ մատուցել։

— Բայց ինչի՞ համար, դա մեր աշխատանքն է, մենք հրավերով չէինք էլ գնացել, եթե հրավերով էլ լիներ, եթե նորմալ վճարեին, կարող է և գնայինք: Մենք դրանով ենք ապրում, մեզ համար ի՞նչ նշանակություն ունի ով ինչ է…

— Արվեստագետներին հաճախ մարդիկ անտարբերության մեջ են մեղադրում։

— Ես ճիշտն ասած քաղաքականության մեջ երբեք չեմ խորացել, բայց դե որպես քաղաքացի ես ամեն ինչի հանդեպ իմ վերաբերմունքն ունեմ։

— Այս իշխանությունների մասին ի՞նչ կարծիք ունեք։

— Ես ոչ մի բան չեմ ասի։

— Ցավո՞ւմ եք Արցախի կորստի համար։

— Շատ եմ ցավում, ափսոսում եմ նաև շատ:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am