Պատերազմելիս տղաները թշնամուն պատասխանել են Մարտակերտի դիրքերից: Ռազմաճակատ մեկնած կամավորներն Արցախում են ծանոթացել ծովասարցի Մոնթե Ալեքսանյանի հետ, ճանաչել նրան հոկտեմբերի 13-ի ճակատագրական օրը՝ հակառակորդի մեծաքանակ ուժին հետ շպրտելիս:
Անդրանիկ Բաղդասարյան, Արցախյան պատերազմի մասնակից — Մոնթեի հերոսությունն այդ ժամանակ տեսա: Սցենարը կարող էր այնպես զարգանալ, որ հիմա այստեղ նստած չլինեինք: Մոնթեն վազեց ամբոխի մեջ:
Մոնթեն այդ օրը ծանր վիրավորվեց: Հաղթած զինվորի խոսքը զուսպ է ու իր մասին չէ, այլ զինակիցների, որ Եռաբլուրում են:
Մոնթե Ալեքսանյան, Արցախյան պատերազմի մասնակից — Երբ մարտի մեջ ես, քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում, մեկի կյանքն ես փրկում, քո կյանքը տալիս, դա բոլորովին այլ է: Չես մտածում կյանքի, մահվան մասին, այլ որ քո պատճառով մարդ չմահանա:
Այդ գիտակցումն էր զինվորներին առաջ՝ մարտի մղում: Իրենց վստահված դիրք գրոհած Ադրբեջանի զինուժի դեմ Մոնթեն քայլ անգամ չնահանջեց:
Նարեկ Ալեքսանյան, Արցախյան պատերազմի մասնակից — Հոկտեմբերի 13-ի ամենակարևոր մարտը, որտեղ վիրավորվեցի, որտեղ հերոսացավ Մոնթեն, ապացուցեց իր անունը՝ ինչու է իր անունը Մոնթե: Նա փրկել է բոլորիս կյանքը:
Մոնթեն տանը պատերազմից չի խոսում, առավել ևս՝ իր գործողություններից, որոնք շատ դեպքերում եղել են վճռական, բեկել մարտի ելքը:
Հրամանատար Մարգար Սարիբեկյանն է Արցախից հաստատում Մոնթեի մասին զինակիցների խոսքը: Որդու մասին խոսել հայրն էլ չի սիրում: Գրպանում հակառակորդի կիրառած արգելված զենքի բեկորն է. բժիշկները հանել են Մոնթեի ոտքից:
Անդրանիկ Ալեքսանյան, Մոնթե Ալեքսանյանի հայրը — Հպարտ եմ բոլոր զինվորներով, բոլորն էլ հերոս տղերք են: Գորիսում հանդիպեցի ընկերոջը, ասաց՝ ձեր տղան հերոս է:
Այդ օրն ունեցան 3 զոհ, 4 վիրավոր: Փայտե խաչը զինակից ընկերը՝ Արթուր Վերանյանն է պատրաստել, նվիրել մյուս ընկերոջը՝ Կարեն Եսայանին, Կարենն էլ պատերազմի առաջին օրը խրամատում փոխանցել է Մոնթեին՝ համոզված, որ նրան անփորձանք տուն կհասցնի:
Մոնթե Ալեքսանյան — Վիրավորվելուց յոթ օր անց զոհվում է Կարենը, հետո Արթուրը, հպարտանում եմ, ուժեղ կռիվ են տվել:
Պատերազմի համազգեստի վրա դեռ թարմ է թշնամու կրակոցի հետքը: Ծանր վիրավոր Մոնթեն փրկվել է մոր ծննդյան օրը:
Ջուլիետա Ալեքսանյան, Մոնթե Ալեքսանյանի մայրը — Հաջորդ օրն իմ ծնունդն էր, որդիս ասես նվեր լիներ:
Նվերը հերոսի մորն են հասցրել պատերազմի բժիշկները: Մոնթեն չի մոռանում հոսպիտալի բուժքույր Մարգարիտային. հոգատար խնամել ու Մոնթեի խոսքով՝ փայփայելով, իրեն հանձնել է Երևան տեղափոխող բժշկուհի Ծովինարին: