Կրտսեր սերժանտ Գասպարյանը միայնակ մարտի է բռնվել 70 ադրբեջանցու հետ և․․․

435

Կրտսեր սերժանտը միայնակ մարտի է բռնվել 70 ադրբեջանցու հետ: «Իմ ամենամեծ կորուստը եղել է Սասուն Մկրտչյանը»

Կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանը ծառայում է հատուկ նշանակության ջոկատում: Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նախընտրում է դառնալ պայմանագրային զինծառայող: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ռազմիկը եղել է Թալիշում, հիշում է, որ ապրիլի 2-ի լուսաբացին հակառակորդի ականն ընկել է գյուղի մեջ:

«Այդ ժամանակ ես մենակ էի, մեր ստորաբաժանումից ինձ մոտ մարդ չկար, բոլորը դիրքերում էին, իսկ մեր խումբը գյուղում հսկողություն էր իրականացնում, որպեսզի հակառակորդի դիվերսիոն խմբերը գյուղ չմտնեին: Իմանալով, որ մեր տղաները վիրավորվել են, գնացի նրանց մոտ, բայց ճանապարհին հանդիպեցի հակառակորդին եւ միայնակ մարտի բռնվեցի:

Կարողացել եմ հակառակորդին ետ պահել գյուղ մտնելուց»,-պատմում է Ռազմիկ Գասպարյանը եւ նշում, որ հակառակորդի մոտ 70 հոգանոց խումբը փորձել է իրեն շփոթեցնել եւ գերի վերցնել:

«Նրանք մեր հայկական համազգեստով էին, հայերեն էին խոսում, ինձ կանչում էին, ասում էին՝ արի ախպեր, ես հարցրեցի, թե մեր տղաները որտեղ են: Բայց մեր վիրավոր տղաները, տեսնելով, որ հակառակորդի կողմ եմ գնում, ինձ հասկացրին, որ թշնամիներն են, ու միանգամից ետ եկա»,-պատմում է կրտսեր սերժանտը:

Ռազմիկ Գասպարյանն ասում է, որ թաքստոցից նկատել է, թե ինչպես ադրբեջանական հետախուզական հատուկ խումբն իրեն նշանառության տակ է վերցրել եւ այդ պահին միանգամից կտրուկ գործողությունների է դիմել: