1992 թվականի այս օրը՝ օգոստոսի 8-ին, ընկավ Ադրբեջանի տարածքում ՙկղզյակի՚ վերածված Հայաստանի Կրասնոսելսկի (այսօր՝ Ճամբարակ) շրջանի Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվեց ավելի քան երկու տասնյակ զոհ:
Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն: Նրանց հիմնական մասը հաստատվեց Կրասնոսելսկի շրջանում և առաջին հերթին՝ շրջկենտրոնում, այսօր՝ Ճամբարակ:
Ճիշտ է, 1990-ական թթ. Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել վարչականորեն Խորհրդային Հայաստանին պատկանող տարածքներ Նոյեմբերյանի (Բարեկամավան գյուղի հողատարածքների զգալի մասը), Իջևանի (Բերքաբեր գյուղի ավելի քան 800 հեկտար հողատարածք) և Բերդի (Պառավաքար գյուղի 1400 հեկտար հողատարածք) հատվածում, սակայն պատերազմի ողջ ընթացքում միակ գյուղը Հայաստանի տարածքում, որ կարողացան գրավել ադրբեջանցիները, Արծվաշենն էր:
Նախքան Արծվաշենի գրավումը՝ 1990-1991 թթ. հայկական ուժերը վերահսկողության տակ էին վերցրել ադրբեջանական 8 գյուղեր, որոնցից մեկը՝ Քյարքին, այսօրվա Տիգրանաշենը: Այդ գյուղը վարչականորեն պատկանում էր Նախիջևանին և վերածվել էր ՙկղզյակի՚ Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանում: Քյարքին, որ հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրեցին 1990-ի սկզբին, Պարույր Սևակ և Զանգակատուն գյուղերի միջև է:
Քյարքիից բացի հայկական ուժերի վերահսկողության տակ են Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի 7 գյուղեր:
Ահա այդ գյուղերը և բնակչության թվաքանակը, երբ հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրին դրանք (ըստ ադրբեջանական աղբյուրի, հայկական աղբյուրի տվյալներ չկան).
Յուխարը Աքսիպարա – 1.283 հոգի
Աշաղը Աքսիպարա – 637 հոգի
Բաղանիս-Այրում – 615 հոգի
Բարխուդարլու – 383 հոգի
Խեյրիմլի – 291 հոգի
Կըզըլ Հաջիլի – 266 հոգի
Սոֆուլու – 182 հոգի
Թաթուլ Հակոբյան